Վերմիշյան․ Հնդիկների ու պակիստանցիների՞, թե ինտելեկտուալ մարդկանց համար երկիր ենք ուզում

Վերմիշյան․ Հնդիկների ու պակիստանցիների՞, թե ինտելեկտուալ մարդկանց համար երկիր ենք ուզում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին կառավարության նիստի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հակադրել է հնդիկներին ու պակիստանցիներին և ինտելեկտուալ մարդկանց։

Պաշտոնյան խնդրահարույց արտահայտությունն արել է ՀՀ-ում տիեզերական ընկերություններին հարկային արտոնություններ տալու հարցը քննարկելու ժամանակ։ Նա ողջունել է որոշումը, հիշելով, մասնավորապես, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի ավանդույթները։

«Մենք պիտի հարց տանք՝ ինչ երկիր , ում համար ենք այս երկիրն ուզում՝ հնդիկների-պակիստանցիների՞, թե ինտելեկտուալ մարդկանց համար», - ասել է նա։

«Պարոն Վերմիշյան, կներեք, կոռեկտ արտահայտություն չեք անում», - տեղից ընդհատել է Վերմիշյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կներեք, երևի ազգը․․․ հա։ Այսինքն, ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց համար, թե ինտելեկտուալների համար», - փորձել է շտկել սխալը Վերմիշյանը։

Ավելի ուշ պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ «Իմ մեջբերումը տարընկալումների առիթ է դարձել, ուստի կուզենայի պարզաբանել, որ ասածս ամենևին չի նշանակում հակադրել հնդիկներին, պակիստանցիներին ինտելեկտուալ մարդկանց։ Ընդհակառակը, մեր բարեկամ ժողովուրդ՝ ազգությամբ հնդիկ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ընկերներ ունեմ նաև Պակիստանից, ովքեր գիտության զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեն: Համենայնդեպս ներողություն եմ խնդրում միտքս անհաջող ձևակերպելու, նաև դրա հետևանքով սխալ մեկնաբանությունների տեղիք տալու համար», - մասնավորապես, գրել է նա, նշելով, որ ուզում է կառուցել երկիր, ուր կուզեն գաղթել բարձր կենսամակարդակ ունեցող երկրների քաղաքացիներ՝ անկախ ազգությունից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---