«Սառեցված հակամարտությունների» հալեցումը աղետ է Հարավային Կովկասի երկրների համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության այժմյան ստատուս-կվոն անփոփոխ չէ, այն մշտապես փոխվում է, իսկ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին նաեւ, որ այն անվտանգ չէ: Այդ մասին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական խաղաղարար համաժողովում հայտարարել է International Alert ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Դան Սմիթը: «Սառեցված հակամարտությունների» հալեցումը աղետ է Հարավային Կովկասի երկրների համար, եւ օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսեթիայում դա շատ լավ ցույց տվեցին»,-ասել է Սմիթը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բրյուսելից, Սմիթն ընդգծել է, որ հաղթանակը պատերազմում չի նշանակում հակամարտության վերջնական կարգավորում: «Ի վերջո, տանուլ տվեցին երկու կողմերը, էլ չասած ֆինանսական կորուստների մասին: Նույնը կարող է տեղի ունենա այն դեպքում, եթե փորձ արվի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա: International Alert-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ ռազմական գործողությունների արդյունքում տառապում են ոչ միայն մարդիկ, այլ տուժում են նաեւ հաղորդակցություններն ու խողովակաշարերը, որոնք կարեւոր են տարածաշրջանի կենսապահովման համար: Կազմակերպության նպատակն է, ըստ նրա, թույլ չտալ, որ Կովկասի հակամարտությունները ռազմական փուլ մտնեն: «Դա հնարավոր է անել միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության միջոցով»,-ասել է Դան Սմիթը:



Իր հերթին International Alert-ի ծրագրերի տնօրեն Ֆիլ Շամփեյնն ընդգծել է, որ Վրաստանի իրադարձությունների պատճառով այժմ ամենահարմար ժամանակն է ղարաբաղյան խնդրին անդրադառնալու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---