Փաշինյան. Գազի սակագնի թեմայով ՀՀ և ՌԴ միջև նորմալ երկխոսություն է

Փաշինյան. Գազի սակագնի թեմայով ՀՀ և ՌԴ միջև նորմալ երկխոսություն է

PanARMENIAN.Net - Գազի սակագնի թեմայով ՌԴ և ՀՀ միջև նորմալ երկխոսություն է ընթանում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որի համաձայն «բոլորը սպասում են, որ գազի գինը կբարձրանա, հարցը միայն այն է, թե երբ՝ ձմռանը թե գարնանը»:

Փաշինյանը հավելել է, որ դա ռազմավարական դաշնակիցների խոսակցություն է և կոնկրետ արդյունքների կհանգեցնի: «Հայաստանում հիմա շատ լավ դինամիկա է տնտեսության մեջ: Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, այլ որպես տնտեսական զարգացման հարց: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար կարևոր է, որ գազի սակագինը չկոտրի ՀՀ տնտեսական զարգացման դինամիկան»,-ասել է նա:

Փաշինյանին հարց են ուղղել այն մասին, թե Հայաստանը բանակցո՞ւմ է, որ գազի գինը չբարձրանա, թե քիչ բարձրանա: Փաշինյանը պատասխանել է, որ «գազի սակագինը պետք է շահավետ լինի ՀՀ տնտեսության համար, որպեսզի պահպանվի տնտեսական աճն ու տեմպը»:

ՀՀ վարչապետին հարցրել են նաև, թե արդյոք 1000 խմ գազի դիմաց գործող $165 գինը շահավետ է և չի կոտրում դինամիկան: «Կարելի՞ է կոնկրետ թվերի մասին չխոսեմ: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Ըստ բովանդակության, ես ասացի, որն է նպատակը: Կարծում եմ, դա ոչ միայն Հայաստանի նպատակն է, դա պետք է լինի նաև ՌԴ նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵՏՄ մասին, մենք միասնական տնտեսական տարածք ենք: Երբ ՌԴ-ում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է մտահոգում: Կարծում եմ, նույն ընկալումը կա մեր ռուս գործընկերների՝ նախագահի, վարչապետի մոտ: Մենք կլուծենք այդ հարցը»,-ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 30 տոկոսով գազի սակագնի բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունը առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---