Գերագույն հոգևոր խորհուրդ. ԱՄՆ բանաձևի ընդունումը հայերի հանդեպ արդարությունը վերականգնելու կարևոր քայլ է

Գերագույն հոգևոր խորհուրդ. ԱՄՆ բանաձևի ընդունումը հայերի հանդեպ արդարությունը վերականգնելու կարևոր քայլ է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունել է հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ բանաձևի ընդունման փաստը:

Հոկտեմբերի 30-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Գերագույն հոգևոր խորհուրդը բանաձևը դիտարկում է որպես կարևոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու և ցեղասպանության մեր սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում:

Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները նաև իրենց գնահատանքն են արտահայտել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարևոր այս հանգրվանին:

Արտահայտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի երախտագետ զգացումները` Գերագույն հոգևոր խորհուրդը հույս է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները և բարեսեր ժողովուրդը նույն արդարամտությամբ կշարունակեն ջանքեր ներդնել` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և աշխարհում նման ոճրագործությունների կանխարգելման:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---