Վարչապետի համար նոր ինքնաթիռի գնման տարբերակ է քննարկվում

Վարչապետի համար նոր ինքնաթիռի գնման տարբերակ է քննարկվում

PanARMENIAN.Net - Վարչապետի համար նոր ինքնաթիռի գնման տարբերակ է քննարկվում: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերին մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցին, որի վրա մոտ 160 միլիոն դրամ էր ծախսվել:

Աղաջանյանը նշել է, որ վարչապետի թռիչքն ԱՄՆ նրա ծառայողական ինքնաթիռով կազմակերպելն անհնար է, քանի որ վարչապետին սպասարկող օդաչուները չունեն օվկիանոսը հատելով թռիչք կատարելու լիցենզիա։ Իսկ վարչապետի ինքնաթիռի վրա վառելիքի հավելյալ բաքերի տեղադրումը, ինչի առաջարկ եղել էր մամուլում, ըստ Աղաջանյանի, կարող է միլիոնավոր դոլարների ծախսի պատճառ դառնալ, հայտնում է Shantnews.am-ը:

Աշխատակազմի ղեկավարը նշել է, որ հիմա լուծումներ են դիտարկում։«Տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ նաև նոր ինքնաթիռ գնելու տարբերակը, քանի որ գործող ինքնաթիռը բավականին հին է և արդեն որոշ ստանդարտներին չհամապատասխանող։ Եվ նաև նորագույն, նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում ծախսի տեսանկյունից, վառելիքի ծախսի տեսանկյունից, ընթացիկ վերանորոգումների ծախսերի տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռքբերումը։ Բայց սա դեռ վերջնական որոշում չէ, սա ընդհանրապես դեռ որոշում չէ»,- ասել է Աղաջանյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---