ԵԽԽՎ նախագահ. Ղարաբաղյան հակամարտության լուծումն ավելի մոտ է, քան երբեւէ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս-Մարիա դե Պուչը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է անում շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար շարժվել երկխոսության ճանապարհով: «Ցանկանում եմ շնորհավորել նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին, ինչպես նաեւ նախագահ Մեդվեդեւին, որը դարձավ այդ հանդիպման նախաձեռնողը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը փնտրելու հետ կապված պարտականություններ ստանձնելու առթիվ: Այդ երկխոսության սկիզբը, որն ուղեկցվելու է դիվանագիտական ջանքերով եւ վստահության ամրապնդման միջոցառումներով, ողջ տարածաշրջանի համար «հուսո պատուհան» է հանդիսանում»,- հայտնել է Լուիս-Մարիա դե Պուչը: «Ինչպես ես հայտնեցի ԵԽԽՎ-ի` Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ, ես ասում էի, որ ԵԽԽՎ-ն 15 տարվա ընթացքում աշխատել է հակամարտության քաղաքական լուծմանն աջակցելու ուղղությամբ` միջազգային այն չափանիշների եւ պարտականությունների համապատասխանությամբ, որոնք իրենց վրա էին վերցրել Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ մտնելիս: Ներկայումս նման լուծումն ավելի մոտ է, քան երբեւէ: ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ջանքերին` ուղղված այն բանին, որպեսզի սկսված գործընթացը հաջողվի»,- նշել է ԵԽԽՎ նախագահը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---