«Իմ քայլի» պատգամավոր. Ստամբուլյան կոնվենցիան միասեռ ամուսնություններ թույլ չի տալու

«Իմ քայլի» պատգամավոր. Ստամբուլյան կոնվենցիան միասեռ ամուսնություններ թույլ չի տալու

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է, և Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուց կամ չընդունելուց հետո էլ շարունակելու է այդպես լինել: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Ձեզ վստահեցնում եմ, չի կարող նման բան լինել, եթե ԱԺ մտավ, ապա այն Սահմանադրության ոչ մի դրույթի չի հակասում, ինչը ենթադրում է՝ կընդունենք, թե ոչ Ստամբուլյան կոնվենցիան, մեկ այլ հարց է, բայց, շարունակաբար, ամուսնանալու հնարավորություն ունենալու են կինը և տղամարդը»,-ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ միջազգային պայմանագիրը ԱԺ է մտնում ՍԴ որոշմամբ այն դեպքում, երբ այն չի հակասում Սահմանադրությանը:

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի փաստաթղթի փակ քննարկմանը՝ Ղազարյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչու է նման որոշում կայացվել, սակայն քնարկմանը ներկա են գտնվել ինչպես «Իմ քայլի», այնպես էլ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Ինձ համար հատկանշական էր «ամենայն հայոց դասախոս» պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանի խոսքերը, ով դուրս եկավ սենյակից բարկացած և մի այնպիսի հայտարարություն արեց, որը մոլորեցրել է հասարակության լայն շերտերին: Նա բովանդակային պնդումներ էր անում և մի սահմանադրական նորմ էր առաջ քաշում, որ ՀՀ-ում ամուսնությունը Սահմանադրությամբ տղամարդու և կնոջ միություն է, և պնդում էր, որ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուց հետո այդպես չի լինի»,-ասել է Ղազարյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ Սահմանադրությանը հակասող փաստաթուղթ ԱԺ մտնել չի կարող:

Ստամբուլի կոնվենցիան կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» կնքվել է 2011-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ ՀՀ-ն վավերացման գործընթաց սկսելուց առաջ դիմել է Վենետիկի հանձնաժողով` կոնվենցիայի մասին հատուկ կարծիք ստանալու համար: Հայաստանում պարբերաբար ընթանում են ցույցներ և ակցիաներ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի՝ պատճառաբանությամբ, որ այն սպառնալիք է ազգային արժեքներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---