Տեսանելի ապագայում հնարավոր կլինի խոսել քաղաքական եւ հաղորդակցային բեկման մասին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում

PanARMENIAN.Net - «Հնգօրյա պատերազմի» ավարտին հաջորդած շաբաթների ընթացքում փաստորեն իր հայեցակարգային խոցելիությունը ցույց տված Ադրբեջանի «ղարաբաղյան ռազմավարության» գլխավոր բաղադրիչներից մեկը Հայաստանին տնտեսապես եւ հաղորդակցությունների առումով «խեղդելու» գաղափարն է` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից բազմակողմանի շրջափակման միջոցով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, այս գաղափարը փաստորեն դարձավ անկախ Ադրբեջանի «ղարաբաղյան ռազմավարության» անկյունաքարը` 1990թթ. ի վեր Երեւանի եւ Ստեփանակերտի հետ դիմակայության ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլի բոլոր տարիներին: «Անկախ նրանից, որ այդ ամբողջ ժամանակահատվածում նշված հայեցակարգը այդպես էլ չապացուցեց իր արդյունավետությունը, ինչը հաստատվեց վերջին մի քանի տարիներին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից «կիսաշրջափակման» պայմաններում Հայաստանի կողմից գրանցած երկնիշ տնտեսական աճով, այնուհանդերձ Բաքվում ընդհուպ մինչեւ վերջերս հավանաբար անկեղծորեն հավատում էին նրա արդյունավետությանն ու հեռանկարին»,-նշել է փորձագետը:



Սակայն, գտնում է Մինասյանը, հայ-թուրքական «ջերմացման» որոշ նշաններ, որոնք իրական դարձան 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի Հայաստանի մայրաքաղաք կատարած աննախադեպ «ֆուտբոլային» այցից հետո եւ սկզբունքորեն կարող են հանգեցնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների ու հաղորդակցությունների բացման, լիովին անվանազրկում են պաշտոնական Բաքվի հայեցակարգային բաղադրիչը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ նրա քաղաքական դիմակայության մեջ: «Թեեւ հայ-թուրքական հարաբերությունները սկսեցին դրական միտում դրսեւորել դեռեւս մինչ օգոստսյան մարտական գործողությունները Հարավային Օսեթիայում, այնուամենայնիվ, այդ պատերազմի հետեւանքով առաջացած Վրաստանի հաղորդակցային ռիսկերը ավելի խթանեցին առաջին հերթին Անկարայի հետաքրքրությունը Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորության եւ այն որպես Վրաստանին այլընտրանքային տրանսպորտային եւ էներգետիկ միջանցք օգտագործելու հնարավորության հանդեպ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին եղած դժվարությունները շատ են, այդ թվում նաեւ Թուրքիայի ներսում եւ թուրք հանրության տարբեր շերտերում, ինչպես նաեւ, Հայաստանի եւ հայկական սփյուռքի ներսում, սակայն բուն դինամիկան, որի իրողությանը, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի այցի հնարավորությանը ամիսներ առաջ շատերը չէին հավատում, առիթ է տալիս մտածելու, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի խոսել քաղաքական եւ հաղորդակցային բեկման մասին Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում նման զարգացումների երաշխիք նույնիսկ այժմ չի կարող տալ ոչ մի փորձագետ ու քաղաքական գործիչ, սակայն արդեն ոչ ոք չի կարող ապացուցել հակառակ սցենարի եւ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների ու փակ սահմանի տեւական պահպանման անխուսափելիությունը»,-ընդգծել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---