Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Հայաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումները լիովին համընկնում են

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Կիպրոսն իրենց արտաքին քաղաքականությունը վարում են` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ Եվրամիության արժեքների վրա: Երկու պետություններն էլ ձգտում են խաղաղության եւ կայունության: Կիպրոսը, ինչպես եւ Հայաստանը, ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ցանկանում է անել դա խաղաղ ճանապարհով: Այդ հարցերի լուծման առումով Հայաստանի եւ Կիպրոսի կարծիքներն ու դիրքորոշումները համընկնում են»,- հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մարիոս Գարոյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի բարձրաստիճան անձանց հետ անցկացված հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններրի կարգավորման հնարավորություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Ինչպես հաղորդել է Մարիոս Գարոյանը, այդ հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումներն այդ հարցերում համընկնում են բոլոր առումներով:



«Թուրքիան այսօր ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ եւ միջազգային հրապարակներում հանդես է գալիս որպես մի երկիր, որը խաղաղության եւ կայունության հաստատում է ցանկանում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում: Բայց արդյո՞ք դա հնարավոր է, եթե Թուրքիան ներկայումս շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, շարունակում է Հայաստանի եւ Կիպրոսի հետ սահմանների արգելափակումը, Կիպրոսի տարածքի 37%-ի օկուպացումը, որտեղ տեղակայել է ավելի քան 45000 զինծառայող»,- ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը եւ ավելացրել, որ մինչ օրս Թուրքիան չի կատարել ԵՄ անդամության համար անհրաժեշտ պահանջները: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե Թուրքիան է ցանկանում անդամակցել ԵՄ-ին, այլ ԵՄ-ն ինքն է ձգտում մտերմանալ ներկայիս Թուրքիայի հետ: Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան փոխի իր քաղաքականությունը հարեւան երկրների հանդեպ, բացի Հայաստանի եւ Կիպրոսի հետ սահմանները, երկու պետությունների հետ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով մենք ամեն կերպ օժանդակելու ենք Երեւանին»,- հայտնել է Մարիոս Գարոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---