Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի հանրային քննարկումները մեկնարկել են

Բարձրագույն կրթության մասին  օրենքի նախագծի  հանրային քննարկումները մեկնարկել  են

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ընթացքում նման հարթակներ շատ են լինելու՝ ընդհուպ մինչև ԱԺ լսումներ, քանի որ նախագծի վերաբերյալ առկա է մեծ հետաքրքրություն:

«Այս քննարկումները կարևոր են մեզ համար՝ փորձարկելու նախագիծը, լսելու առաջարկություններ և դիտողություններ, ինչպես նաև ներգրավելու նոր գաղափարներ: Բացի այդ, գոյություն ունեն մի քանի առցանց հարթակներ, որտեղ ևս մենք առաջարկներ ենք ստանում»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է բուհերի և ռեկտորների խորհրդի հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկներ. դրանց մեծ մասն արդեն տեղ է գտել նախագծում:

«Քննարկումները շարունակվելու են ինչպես բուհերի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների ձևաչափով՝ հավաքագրելու նորանոր առաջարկներ»,-ընդգծել է նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական շեշտադրումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները, որոնք են՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «առկա կամ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում, ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում և այլն։

Զեկույցին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ուսանողների համամասնությանը բուհերի կառավարման խորհուրդներում, ներառականության ապահովմանը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը, ոչ ֆորմալ կրթությանը, նախագծի մշակման աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը, հեռավար կրթությանը և այլն:

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ շահագրգիռ քննարկման համար.«Եղան հետաքրքիր դիտարկումներ, որոնցում ներառված էին կարևոր առաջնահերթություններ, հետևաբար դրանք կարող են տեղ գտնել նախագծում: Մենք կշարունակենք աշխատել բոլորի հետ, որպեսզի ունենանք թերություններից առավելագույնս զերծ օրենք և համընդհանուր համաձայնությամբ այն ներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է նախարարը։

Դեկտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ Բողոքի ցույցի դուրս եկած և ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող ՀՅԴ ՀԵՄ երիտասարդներին նախարարը չէր ընդունել: Նա ոստիկանների միջոցով հայտնել էր, որ իր հետ հանդիպելու համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի, երիտասարդները պետք է նախարարություն դիմեն և սպասեն իրենց հերթին: 22 ցուցարար բերման է ենթարկվել, հետո ազատ արձակվել:

Ավելի վաղ ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողները դասադուլ էին անում, պահանջում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:Նրանց այս հարցում համամիտ են նաև ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն, իր հերթին, հաղորդագրություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել հանրությանը հուզող բոլոր հարցերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---