ԵԱՀԿ ՄԽ. Առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության եւ մասնակցության անհնար կլինի հասնել հակամարտության կարգավորման

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունում, հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:



Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրության կենտրոնում էր վերջերս Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը:



Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում գնահատում են ցանկացած փաստաթուղթ, որը դրական ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքակիրթ երկխոսության հաստատման վրա: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ կարգավորման գործընթացը անհնար կլինի համապարփակ դարձնել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության, հատկապես հաշվի առնելով այն, որ Արցախն ունի իր տեսակետը հակամարտության կարգավորման վերաբերյալ: Համանախագահները իրենց հերթին վերահաստատել են այն, որ առանց Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի համաձայնության եւ մասնակցության անհնար կլինի հասնել հակամարտության կարգավորմանը:



Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:



Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման ու տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---