Կովկասյան պլատֆորմի գաղափարը որպես տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձն է

PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի թուրքական գաղափարն ընդամենը որպես տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Թուրքիան ցանկանում է իր արեւմտյան դաշնակիցներին հասկացնել, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են հենց տարածաշրջանում` առանց ոչ տարածաշրջանային ուժերի մասնակցության, ինչի ապացույցը եղավ Անկարայի բացասական արձագանքը այս տարվա օգոստոսին Սեւ ծովում ԱՄՆ ՌԾՆ նավերի ներկայությանը: Փաստորեն, Թուրքիան ցուցադրում է իր անկախությունը եւ ակնհայտ է, որ չի ցանկանում մնալ Արեւմուտքի ամրակետը, ինչպես դա «սառը պատերազմի» տարիներին էր»,- ընդգծել է Զատուլինը:



Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ առանց Իրանի մասնակցության ցանկացած նախաձեռնություն տարածաշրջանում դատապարտված է ձախողման: «Իրանը նույնպիսի տարածաշրջանային երկիր է, ինչպիսին Թուրքիան կամ Ռուսաստանն են, էլ չենք ասում Հարավային Կովկասի երկրների մասին»,- ասել է նա:



Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմն առաջարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի կողմից Հարավային Կովկասի օգոստոսյան դեպքերից հետո: Անկարայի մտահղացմամբ, դաշինքի մասնակցիները պետք է դառնան Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---