ԱՄՆ հայերը սպասում են պետքարտուղարի նշանակմանը, որից էլ կախված է լինելու Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս էլ սպասում ենք նոր պետքարտուղարի նշանակմանը, որովհետեւ հենց նրանից է կախված լինելու նախագահ Բարակ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Վաշինգտոնի հայկական համայնքի աղբյուրը: Նրա խոսքերով, եթե իսկապես պետքարտուղար դառնա Հիլարի Քլինթոնը, ապա նա անելու է այն, ինչ ասի իր ամուսինը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը:



«Երբ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ Դեմոկրատական կուսակցությունից Իլլինոյսի սենատոր Բարակ Օբաման եւ Նյու-Յորքի սենատոր Հիլարի Քլինթոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էին, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Օբաման ավելի անկեղծ էր: Հայկական համայնքն ավելի շատ հավատաց նրան, քան Նյու-Յորքի սենատորին: Եւ հետո պետք չէ մոռանալ, ոչ տիկին Քլինթոնը այցելում էր Թուրքիա: Մամուլում անգամ տեղեկատվություններ կային, որ նրան հովանավորում էին որոշ թուրքական լոբբիստական կազմակերպություններ: Բայց այդ ամենն, իրականում, ասեկոսեների մակարդակով էր»,- ընդգծել է աղբյուրը:



Ինչպես գրում է բրիտանական The Guardian թերթը, Հիլարի Քլինթոնը մտադրված է ընդունել ԱՄՆ ընտրված նախագահ Բարակ Օբամայի առաջարկը եւ դառնալ նրա վարչակազմի պետական քարտուղարը: Քլինթոնն ունի բոլոր հնարավորությունները` հաջողակ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար լինելու, գտնում են դիտորդները: Նյու-Յորք նահանգից սենատոր ընտրվելուց հետո նա ակտիվ կերպով զբաղվում էր միջազգային գործերով եւ պաշտպանության հարցերով: Սկզբնական շրջանում նախկին «առաջին տիկինը» աջակցում էր Իրաքի պատերազմին, բայց այժմ համաձայն է երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու Օբամայի առաջարկությունների հետ:



Պաշտոնապես Հիլարի Քլինթոնը դեռեւս չի հաստատել, բայց եւ չի ժխտել իր գալիք նշանակման մասին տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտնել է, որ վստահ է, որ իր կինը կարող է «մեծ պետքարտուղար» դառնալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---