Հովտաշատում խոչընդոտել են «Կենտրոնի» նկարահանող խմբի աշխատանքները

Հովտաշատում խոչընդոտել են «Կենտրոնի» նկարահանող խմբի աշխատանքները

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի և օպերատորի վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը՝ հավելելով, որ լրագրողների հասցեին հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ: Մելտոնյանը կիսվել է 168.am-ի տեսանյութով, որտեղ զգացվում է, որ լրագրողներին ոչ միայն հայհոյել, այլ նաև քաշքշել են:

«Հրոսակախմբին» հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզքոցանել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով»,- գրել է Մելտոնյանը:

Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը նշել է՝ սա հերթական դեպքն է, որ թիրախավորում են լրատվամիջոցին: Նա հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ մի խումբ մարդիկ իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։

Նշվում է, որ այդ ձկնաբուծարանի 100% բաժնեմասերը պատկանում են «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Ձկնաբուծարանի տարածք մտած մարդիկ պնդել են, որ այն կառուցվել է Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի կողմից, հետագայում Գագիկ Ծառուկյանը գործարք է կնքել այդ մարդու հետ՝ խնդրելով բաժնեմասերը մի քանի օրով գրել Սեդրակ Առուստամյանի անունով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---