Իրաքում Թրամփի հրամանով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին

Իրաքում Թրամփի հրամանով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։

Սուլեյմանին իրանցի ամենաազդեցիկ գեներալներից մեկն էր, մասնավորապես, ղեկավարում ու համակարգում էր պրոիրանական ուժերի գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Յեմենում, Իրաքում և այլուր։ Սուլեյմանին, ըստ Reuters-ի, կարևոր դերակատարում էր ունեցել նաև Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների մեջ՝ հենց նա էր համոզել Մոսկվային ներգրավվել երկրում ընթացող պատերազմում։

Սոլեյմանին ընդգրկված էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Իրանի միջուկային ծրագրի համար պատասխանատու գործիչների «սև ցուցացում»։ Սուլեյմանիի սպանությունը հետևել է 2019-ի դեկտեմբերի 31-ին պրոիրանական ուժերի՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհին։ Այդ գրոհն արվել էր ի պատասխան ամերիկացիների կողմից պրոիրանական ուժերի ճամբարի հրթիռակոծմանը, որն, իր հերթին, հետևել էր Քրքուկի մերձակայքում իրաքյան ստորաբաժանումներից մեկի վրա հարձակմանը, որի ընթացքում սպանվել էր ամերիկացի զինծառայող։

Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Սուլեյմանիից բացի, սպանվել են պրոիրանական շիա «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման մի քանի անդամ, այդ թվում՝ դրա ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն, ում Պենտագոնը մեղադրում էր դեսպանատան վրա գրոհի կազմակերպման համար։

Պաշտոնական Թեհրանը պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի շուրթերով վրեժ է խոստացել ԱՄՆ-ին։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ևս խոստացել է, որ ավիահարվածի կազմակերպիչներին «դաժան վրեժ է սպասվում»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---