Իրաքի վարչապետը զգուշացրել է ավերիչ պատերազմի վտանգի մասին

Իրաքի վարչապետը զգուշացրել է ավերիչ պատերազմի վտանգի մասին

PanARMENIAN.Net - Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, զգուշացրել է ավերիչ պատերազմի վտանգի մասին: Ըստ նրա, թեև Իրանն իրազեկել է Իրաքին ԱՄՆ ավիաբազաներին հարվածելու մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ որ թիրախներն են խոցվելու:

Աբդուլ Մեհդին ասել է, որ «ավերիչ տոտալ պատերազմի» վտանգ է տեսնում, բայց ոչ միայն Իրաքում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում և նույնիսկ աշխարհում, հայտնում է ՌԲԿ-ն՝ Al Arabiya-ին հղումով: Նա հավելել է, որ իր երկիրը դեմ է ինքնիշխանության ցանկացած խախտման և կոչ է անում բոլոր կողմերին պահպանել միջազգային համաձայնությունները:

Իրանի իշխանությունները տեղեկացրել են Իրաքի վարչապետին ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու մասին հունվարի 8-ին՝ 00:00-ից հետո միայն: Ըստ CNN-ի, հարվածներն իրաքյան Անբար և Էրբիլ գավառներում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հասցվել են տեղական ժամանակով 02:00-ին, մինչդեռ Աբդուլ Մահդիին հայտնել են, որ հարվածներն արդեն հասցվում են, կամ հասցվելու են:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ CNN հաղորդմամբ, հարվածի փաստը հաստատել են թե ամերիկյան, թե իրանական պաշտոնական աղբյուրները։Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար մոտալուտ վրեժի մասին․ երկրի խորհրդարանն ընդունել էր ԱՄՆ բանակն ահաբեկիչներ հռչակող բանաձև, Թեհրանը սպառնացել է նաև հարվածել այն մերձավորարևելյան երկրներին, որտեղից իր դեմ գործողություններ կիրականացվեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---