Անկարայի գաղափարը` Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, դատապարտված է տապալման

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպումից հետո, որն այսօր կկայանա Ստամբուլում, լուրջ առաջխաղացում հայ-թուրքական հարաբերություններում չի լինի»,-ասյօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:



Անդրադառնալով թուրքական կողմի առաջարկած Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների Ստամբուլում հանդիպելու հնարավորությանը` Հայկ Դեմոյանը նշել է, որ այդ հանդիպման անցկացումն ու Անկարայի արտաքին քաղաքականության ակտիվացումը վերջին շրջանում չեն կարող նպաստել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: «Եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը թուրքական կողմի հերթական անհաջող նախաձեռնությունն է: Ինչպես Անկարայի նախորդ նախաձեռնությունները` «Կայունության ու անվտանգության կովկասյան պլատֆորմի» ստեղծումը, հայ-իրանական հարաբերություններում միջնորդ դառնալու մտադրությունը, նախագահների Ստամբուլում հանդիպման գաղափարը եւս տապալման է դատապարտված»,-ընդգծել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ըստ Դեմոյանի, ակտիվությունը, որը Թուրքիան դրսեւորում է արտաքին քաղաքականության մեջ, մեկ անգամ եւս ընդգծում է նրա ներքին խոցելիությունը` «Էրգենեկոնի» խնդիրը, պայքարը ՔԱԿ-ի դեմ եւ այլն:



Ըստ հայ պատմաբանի, ժամանակն է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ընդգրկվի ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մեջ: «Անշուշտ, մեզ համար առաջնային է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: Սակայն եթե երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվի նաեւ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, ապա եվրոպացի պաշտոնյաները տրամաբանական կհամարեն Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումն առանց որեւէ նախապայմանի»,-ընդգծել է Հայկ Դեմոյանը:



Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով մեկնեց Ստամբուլ, որտեղ նա կմասնակցի ՍԾՏՀ քարտուղարության նիստին: Է.Նալբանդյանը կներկայացնի կազմակերպության գործունեության ծրագիրը հարջորդ 6 ամիսների համար, երբ Հայաստանը նախագահելու է ՍԾՏՀ-ում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը, Է.Նալբանդյանն ու Ա.Բաբաջանը նախատեսվող հանդիպման ժամանակ կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը: Նրա խոսքերով, բոլոր հարցերը բանակցությունների սեղանին են եւ «մենք մտադիր չենք խոչընդոտել որեւէ խնդրի քննարկմանը»: «Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում նաեւ 1915թ. իրադարձություններին վերաբերող հարցերն, ինչպես նաեւ տարածաշրջանային ու հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր»,-հայտարարել է Բուրակ Օզուգերգինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---