Ուկրաինայի նախագահն Իրանից պահանջել է արդար հետաքննություն և փոխհատուցում

Ուկրաինայի նախագահն Իրանից պահանջել է արդար հետաքննություն և փոխհատուցում

PanARMENIAN.Net - Իրանը պետք է պատասխանատվության ենթարկի ուկրաինական Boeing 737-ի կործանման մեղավորներին, վերադարձնի զոհերի դիերն ու փոխհատուցում տրամադրի, Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` արձագանքելով Իրանի կողմից պատահաբար ինքնաթիռի խոցման հայտարարությանը:

«Առավոտը բարի չէր, բայց ճշմարտություն բերեց: Մինչ միջազգային հանձնաժողովի աշխատանքների ավարտը, Իրանն ընդունեց իր մեղքն ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ: Բայց մենք պահանջում ենք մեղքի լիարժեք ընդունում»,- գրել է Զելենսկին:

Նա հույս է հայտնել, որ հետաքննությունը հետագայում ևս կշարունակվի առանց արհեստական ձգձգումների և խոչընդոտների, իսկ 45 ուկրաինացի մասնագետ տվյալների լիարժեք հասանելիություն կունենա` ինքնաթիռի կործանման գործով արդարություն հաստատելու համար:

Հունվարի 11-ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ուղևորատար Boeing 737-ը պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով: Գլխավոր շտաբում նշել են, որ խոցել են ինքնաթիռը, քանի որ այն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի մոտով։ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ ավիաաղետի հանգեցրել է «մարդկային սխալը՝ հրահրված ԱՄՆ արկածախնդրության պատճառով առաջացած ճգնաժամով»։

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո ուկրաինական Boeing 737-ը կործանվել է: Ինքնաթիռում 176 մարդ էր եղել, բոլորը զոհվել են։ Հունվարի 9-ին սոցցանցերում տարածված լուսանկարների հիման վրա վարկած տարածվեց, որ այն կործանվել է «Տոր» ԶՀՀ հարվածից, որը մինչև հունվարի 11-ն Իրանը կտրականապես հերքում էր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---