Ադրբեջանի նախագահը փաստորեն անվավեր է ճանաչել Մայնդորֆի հռչակագիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե Մայնդորֆի հռչակագիրը չի երաշխավորում Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմից, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագրի փաստացի դենոնսացիա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությունն արել է իտալական RAI International-ին Հռոմում տված իր հարցազրույցում: Դ.Բաբայանն ընդգծել է, որ Ալիեւը հայտարարել է, թե «հռչակագրում ոչ ոք չի կարող գտնել Ադրբեջանի պարտավորությունը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից հրաժարվելու մասին, ուստի, հուսալով, որ կլինի քաղաքական կարգավորում, մենք միեւնույն ժամանակ միշտ պատրաստ պետք է լինենք ցանկացած միջոցների, եւ այստեղ ռազմական ուղին բացառություն չի, եւ երբեք չի էլ եղել»:



«Մայնդորֆի հռչակագրի ամենահուսադրող, իսկ գուցե եւ միակ հուսադրող ասպեկտը հենց հավատարմությունն է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իր հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը փաստորեն խաչ քաշեց նաեւ այդ դրական պահի վրա: Հասկանալի է, որ նման պայմաններում անիմաստ են դառնում վստահության ամրապնդման միջոցների մասին խոսակցությունները, որոնք,ի դեպ, հակամարտության խաղաղ կարգավորման հետ մեկտեղ հակամարտության կարգավորման միակ հնարավորությունն են ընձեռում: Ավելին, Ալիեւը միակողմանի է մեկնաբանում նաեւ փաստաթղթի հղումը միջազգային սկզբունքներին: Չգիտես ինչու նա տեսնում է միայն այն փաստաթղթերը, որոնք բխում են Ադրբեջանի շահերից»,-ասել է քաղաքագետը: Մինչդեռ, ըստ Բաբայանի, մի շարք փաստաթղթեր հստակ նշում են հակամարտության կարգավորման մեխանիզմները: «Օրինակ, հայտնի Բուդապեշտի գագաթնաժողովը, որտեղ հաստատվեց հակամարտության կարգավորման ձեւաչափը եւ ԼՂՀ-ն ճանաչվեց հակամարտության եւ բանակցությունների կողմ: Ի դեպ, այդ փաստաթուղթն ընդունվեց փոխզիջման հիման վրա եւ Ադրբեջանի համաձայնությամբ: Եղան նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի պարզաբանումները, որտեղ կրկին դա հաստատվեց: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձեւերին, ապա դրանք խորհրդատվական բնույթ են կրում եւ այնտեղ հստակ երեւում է, որ հակամարտության կողմը հենց Լեռնային Ղարաբաղն է: Այդ մասին է վկայում, մասնավորապես, «տեղի հայկական ուժեր» ձեւակերպումը: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը նույնիսկ մեկ ամիս չդիմացավ եւ նորից վերադարձավ նույն ճանապարհին: Նման վարքագիծը կանխատեսելի էր: Ավելորդ չէ կրկնել, որ Ադրբեջանի համար կա երկու ընտրություն ղարաբաղյան հակամարտության հարցում` ամեն ինչ կամ ոչինչ: Հիմնական ասպեկտն այստեղ ադրբեջանական ազգի ձեւավորման գործընթացի ավարտված չլինելն է: Այնպիսի կոմպակտ բնակվող ազգեր, ինչպիսիք են լեզգինները, թալիշները, ավարները դեռեւս լիովին չեն ձուլվել եւ կարգավորման ցանկացած այլ տարբերակ, վերոնշյալից բացի, կարող է շղթայական ռեակցիա առաջացնել այդ ժողովրդների մոտ: Հենց դրանում է Ադրբեջանի վարքագծի պատճառը: Այդ համատեքստում Ադրբեջանին շատ է հարկավոր Ղարաբաղը, սակայն առանց հայերի: Միայն այդ դեպքում Բաքուն, ինչպես այնտեղ կարծում են, ի վիճակի կլինի լիովին անցնել էթնոքաղաքական դիմակայության այլ ճակատներ»,-ասել է Բաբայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---