ՔԿՀ-ներում աշխատավարձերը 30%-ով կբարձրանան. ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ում սննդի նոր ծառայություն կներդրվի

ՔԿՀ-ներում աշխատավարձերը 30%-ով կբարձրանան. ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ում սննդի նոր ծառայություն կներդրվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձը կբարձրանա 30%-ով. Կառավարությունը հավանություն է տվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախագծին:

Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումը կնպաստի ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու աշխատանքի առավել գրավիչ դառնալուն:

ՔԿՀ-ների ռիսկային աշխատանք կատարող կրտսեր անձնակազմի աշխատավարձն այժմ մոտ 150,000 դրամ է, իսկ ծառայությունում 20 տարվա փորձ ունեցող ՔԿՀ պետը ստանում է 317,000 դրամ:

Ըստ նախագծի՝ քրեակատարողական ծառայության աշխատավարձային ֆոնդը պետք է ավելացվեր մոտ 1.5 մլրդ դրամով, սակայն Կառավարության նիստի ընթացքում որոշվեց, որ ՔԿՀ ծառայողների աշխատավարձերը կբարձրանան նախարարությունում ֆինանսական վերաբաշխումների միջոցով, իսկ երբ ծախսերը ցույց կտան, որ լրացուցիչ հատկացման կարիք կա, այն ևս կարվի:

Արձագանքելով այս դիտարկմանը՝ Բադասյանը նշել է, որ ԱՆ ֆինանսիստները նման վերաբաշխման հնարավորություն չեն տեսել, սակայն մի քանի ամիս փորձ կարվի աշխատել այդ տարբերակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է, որ ՔԿՀ-ներում աշխատավարձերի բարձրացումից զատ, ոլորտում փոփոխություններ են արվել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, ՔԿՀ-ներում սննդի կազմակերպման ոլորտում: Փաշինյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում, որտեղ սննդի նոր համակարգն արդեն ներդրվել է , ծառայությունից օգտվում է կալանավորների 100%-ը:

Նախարարը նշել է , որ 2020-ին քրեակատարողական հիմնարկներում հնարավոր կլինի ամբողջությամբ ներդնել սննդի նոր համակարգ:

Մինչև այս, սննդի մատուցման նոր ծառայությունը ներդրված էր «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում, բայց 2020-ի ապրիլից այն կներդրվի նաև «Աբովյան» և «Գորիս» ՔԿՀ-ներում, իսկ ամռանը՝ բոլոր 12 ՔԿՀ-ում: Մատակարարն ընտրվել է մրցույթով:

Քրեակատարողական ծառայությունում 2020-ի հունվարի դրությամբ 125 թափուր հաստիք կա՝ հիմնականում կրտսեր խմբի: Փաշինյանն ասել է, որ այս աշխատատեղերը դե յուրե կան, սակայն աշխատավարփձի բարձրացումով ՀՀ-ում դե ֆակտո աշխատատեղեր են ստեղծվում, քանի որ այս աշխատանքը, վտանգավորությունից զատ, ոչ գրավիչ է եղել նաև ցածր վարձատրության պատճառով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---