Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ-ից խնդրել է պարզաբանել՝ քրգործի մասին տվյալներ տրվել են Հանրայինին, թե՝ ոչ

Թովմասյանի փաստաբանը ՀՔԾ-ից խնդրել է պարզաբանել՝ քրգործի մասին տվյալներ տրվել են Հանրայինին, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք իրենց վարույթում գտնվող քրգործի շրջանակում ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է որևէ տեղեկատվություն։

Պողոսյանը ՀՔԾ է դիմել հունվարի 29-ին՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի դեպքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այն՝ նշելով, որ Թովմասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ:

«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ վարույթում գտնվող քրեական գործով եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել են Հատուկ քննչական ծառայության կողմից», - ՀՔԾ քննիչին ուղղված դիմումում նշել է փաստաբան Պողոսյանը։

Ըստ դրա նաև՝ մինչդատական վարույթի գաղտնիության առավելագույն ապահովման օրենսդրական սկզբունքը ենթադրում է, որ «քննչական մարմինները և դատախազությունը պետք է առավելագույնս զերծ մնան Սահմանադրական դատարանի դատավորի մասնակցությամբ քրեական վարույթի վերաբերյալ տվյալների, դրանց վերաբերյալ իրենց ենթադրությունների, դատավորին առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակման և դրա հիմքում դրված ենթադրյալ փաստական հանգամանքների հրապարակումից»։

Փաստաբնանը նշել է, որ նշված հանգամանքների գաղտնիությունը մինչև մինչդատական վարույթի ավարտը պետք է առավելագույնս ապահովվի:

«Լուրերի» ռեպորտաժում ներկայացվում էին Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները: ՍԴ նախագահի փաստաբանական թիմն այն անվանել էր քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։

Դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---