SOAD-ի թմբկահար Դոլմայանին հիասթափեցնում է, որ խումբը նոր ալբոմներ չի թողարկում

SOAD-ի թմբկահար Դոլմայանին հիասթափեցնում է, որ խումբը նոր ալբոմներ չի թողարկում

PanARMENIAN.Net - System of a Down-ի թմբկահար Ջոն Դոլմայանն իր հիասթափությունն է հայտնել, որ 2005-ին թողարկված Mezmerize և Hypnotize ալբոմներից հետո ռոք-խումբը նոր ալբոմներ չի թողարկել, փոխանցում է Kerrang! ամսագիրը:

«Ցավոք, սա իմ հսկողությունից դուրս է: Ես ցանկանում էի ալբոմ թողարկել և 2007-ին, և 2009-ին, և 2012 ու 2015-ին, և 2018 թվականին: Եվ մենք ալբոմ կթողարկեինք նաև հիմա, եթե դա ինձնից կախված լիներ: Քանի դեռ երաժշտություն ենք ստեղծում, որը, ըստ մեզ, նույն որակի է, պատճառ չկա ձայնագրություններ չիրականացնելու, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչ բոլորն են խմբում կիսում այս կարծիքը»,- հայտարարել է Դոլմայանը:

SOAD-ի թմբկահարի կարծիքով՝ է պետք է մի կողմ դնել «ես»-ը, երբ խոսքը նման դեպքերի մասին է:

«Մենք սկսել էինք որպես խումբ, որը դժվարությունների միջով էր անցնում, մեզնից ոչ ոք գումար չուներ և փորձում էր հաջողության հասնել, ոչ այն պատճառով, որ փող էինք ցանկանում, այլ որովհետև սիրում էինք մեր գործը»,- ասել է Դոլմայանը:

Նրա խոսքով՝ շատերի սխալն այն է, որ սկսում են հավատալ իրենց շուրջ եղած աղմուկին՝ համոզված լինելով, որ «իրենք հիասքանչ են, և այն, ինչ անում են, ոսկի է»:

«Եթե լսեք ձեր երկրպագուներին Instagram-ում, կարող եք գլուխներդ կորցնել. նրանց ճնշող մեծամասնությունն ասում է, թե ինչ հիանալի եք դուք, բայց ուրիշներն էլ ասում են, որ աղբ եք: Հենց սկսում ես հավատալ քեզնից բացի՝ մեկ ուրիշին, արդեն պարտվել ես և այլևս վերականգնվել չես կարող»,- եզրափակել է երաժիշտը:

2018-ի ամռանը խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը և մենակատար Սերժ Թանկյանը մեղադրանքներով էին փոխանակվել՝ կապված 2006-ից խմբի ստեղծագործական դադարի և նոր ձայնագրություններ չանելու հետ: Այն ժամանակ Մալաքյանը հայտարարել էր, որ իր կարծիքով հենց Թանկյանը չի ցանկանում ալբոմ ձայնագրել այն ձևով, ինչպես ցանկանում են խմբում բոլորը:

Թանկյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել էր Մալաքյանին՝ նշելով, որ դադարի պատճառներից մեկը ստեղծագործական էր, քանի որ երկար ժամանակ զբաղվում էր միևնույն գործով՝ նույն մարդկանց հետ:

Մյուս պատճառը, նրա խոսքով, հավասարության սկզբունքի բացակայությունն էր, քանի որ Մալաքյանը վերահսկում էր և ստեղծագործական, և ձայնագրման գործընթացը:

System of a Down խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---