Արգանդի վզիկի քաղցկեղն առաջիկա 100 տարում կարող է վերանալ

Արգանդի վզիկի քաղցկեղն առաջիկա 100 տարում կարող է վերանալ

PanARMENIAN.Net - Արգանդի վզիկի քաղցկեղն առաջիկա 100 տարում կարող է վերանալ: Գիտնականների միջազգային կոնսորցիումը պրոֆեսոր Մարկ Բրիսոնի (Լավալ համալսարան, Կանադա) ղեկավարությամբ նման կանխատեսում է արել: Բրիսոնի հոդվածը հրապարակվել է The Lancet-ում:

Արգանդի վզիկի քաղցկեղն առաջացնում են Մարդու պապիլոմավիրուսի (HPV) որոշ շտամեր: 100 տարում այդ հիվանդությունն արմատախիլ անելու համար գիտնականներն առաջարկում են զանգվածաբար պատվաստել 9-ամյա աղջիկներին, կրկնել պատվաստումը 14 տարեկանում, ինչը թույլ կտա ամբողջ կյանքում պաշտպանել նրանց վիրուսով վարակվելուց:

Նպատակն է մինչև 2030-ը պատվաստել մոլորակի աղջիկների 90 տոկոսին:

Բացի այդ, անհրաժեշտ է, որ կանանց առնվազն 70%-ը կյանքում գոնե մեկ, իսկ ավելի լավ է՝ երկու անգամ արգանդի վզիկի սքրինինգի ենթարկվի: Խորհուրդ է տրվում դա անել 35 և 45 տարեկանում: Կարևոր է, որ այն կանանց 90 տոկոսը, որոնց մոտ նախաքաղցկեղային վիճակ է, ժամանակին համապատասխան բուժում ստանա:

Բրիսոնի և նրա գործընկերների վերլուծությունը ցույց է տվել, որ միայն աշխարհի 78 երկրում աղջիկների պատվաստումը թույլ կտա հարյուրամյակի ընթացքում նվազեցնել հիվանդացության մակարդակը 89 տոկոսով և կանխել հիվանդության 60 մլն նոր դեպք:

Հետազոտության արդյունքներն օգտագործվելու են արգանդի վզիկի քաղցկեղի վերացման գլոբալ ռազմավարության մշակման ժամանակ, որը ներկայացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 2020-ի մայիսին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---