Ռենե Ռուկու. Նրանք, ում համար կարեւոր է արդարությունը, պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուկուն երկրի Սենատին կոչ է արել ընդունել 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Այդ հարցը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիայի հայերին: Այն վերաբերում է բոլոր նրանց, ում համար կարեւոր են արդարության վերականգնումն ու իրավունքների պահպանությունը: Նրանք, ում համար Ֆրանսիան մարդու իրավունքների հայրենիքն է հանդիսանում, պետք է ընդունեն այս օրինագիծը, որը քննադատում է Հայոց ցեղասպանության ժխտումը եւ դրա համար քրեական պատիժ է նախատեսում»,- հայտնել է Ռենե Ռուկուն: Ֆրանսիայի պետքարտուղար, երկրի արտգործնախարար Ալան Մարլեքսն իր հերթին հայտնել է, որ երկրի կառավարության դիրքորոշումը տվյալ օրինագծի առնչությամբ շատ հստակ է: «Օրինագիծն արդեն գոյություն ունի, բայց Ֆրանսիայի կառավարությունը գտնում է, որ անցյալի իրադարձությունների դիտարկմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, եւ երկրի խորհրդարանն իրավունք չունի այդ հարցի վերաբերյալ որեւէ օրինագիծ ընդունել»,- հայտնել է Ալան Մարլեքսը` ավելացնելով, որ պաշտոնական Փարիզը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը:



Ինչպես հաղորդել է Ժան Էքիյանը, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհուրդը դեկտեմբերի 10-ին ծրագրում է Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց ցույց անցկացնել եւ պահանջել ընդունելու 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը:



2006թ. դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը հավանություն տվեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագծին: Այդ ջարդերի ժամանակ ոչնչացվեց 1,5 միլիոն հայ, իսկ 500 հազարը սփռվեցին աշխարհով մեկ` կազմավորելով հայկական Սփյուռքը: Հայոց ցեղասպանության ժխտման համար օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազ. եվրոյի տուգանք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---