Նախագիծ. Հրապարակել պաշտոնյայի հետ խնամիությամբ կապված անձանց տվյալները

Նախագիծ. Հրապարակել պաշտոնյայի հետ խնամիությամբ կապված անձանց տվյալները

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել պաշտոնյաների հայտարարագրերում ներկայացված տվյալները՝ ներառելով այնտեղ նաև նրանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց տվյալները և ոչ միայն:

Օրինագծի համաձայն՝ բացի պաշտոնատար անձի անուն, ազգանուն, հայրանունից, ծննդյան տվյալներից, պաշտոնից, ընտանիքի անդամների մասին տվյալներից, տարեկան հայտարարագրով հրապարակվելու են նաև պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված համատեղ չբնակվող անձանց տվյալները:

Հրապարակվելու է ազգակցության կամ խնամիության կապը հայտարարատու պաշտոնյայի հետ, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, գույքի տեսակը, գտնվելու վայրը: Ըստ նախագծի՝ հրապարակման ենթակա է նաև անշարժ գույքի մակերեսը, այն ձեռք բերելու կոնկրետ ժամանակահատվածը, եղանակը, կողմերը:

Առաջարկվում է հրապարակել նաև հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց՝ տվյալ տարվա սկզբում առկա կամ ընթացքում ձեռք բերած, օտարած, տարվա վերջում առկա՝ 8 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեքով գույքի տվյալները:

Նախագծով հրապարակման ենթակա են նաև նշված անձանց բանկային հաշիվների մնացորդների, էլ.հաշիվների և կրիպտոարժույթի, կանխիկ դրամի, եկամուտների, ծագման աղբյուրի, առևտրային կազմակերպություններին մասնակցությանը վերաբերող տեղեկություններ:

Ըստ օրինագծի՝ կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևոր է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի իրական հանրային վերահսկողության իրականացման համար թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։

Նախագծով առաջարկվող կարգավորումները ժամանակավոր լուծում են, մինչ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---