ԼՂՀ տարածքային ամբողջականության խախտումը հակասում է միջազգային իրավունքին ու պատմական արդարությանը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ընդհանուր վերլուծության շրջանակներում հարկավոր է քողազերծել ադրբեջանական քարոզչության առասպելն այն մասին, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բացարձակ հաղթողներ են, իսկ Ադրբեջանը` տանուլ տված զոհ: Այդ մասին PanARMENIAN.Net ի ստացած «Ղարաբաղյան ռեկոնկիստա» հոդվածում գրում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: «Իրականում Ադրբեջանն է գրավել մեծաթիվ հայկական հողեր` Նախիջեւանը, Հյուսիսային Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի մասը, իսկ Թուրքիան զավթել է Արեւմտյան Հայաստանն ու Արեւելյան Հայաստանի մի մասը` Կարսի շրջանը: Անպատիժ մնաց 1915-1923թթ. Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում եւ 1988-1994թթ. Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Այս իրավիճակում, երբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարածքի 9/10 մասը զավթված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, միանգամայն հակաիրավական եւ անհեթեթ են հնչում ԼՂՀ-ի կողմից հետագա լրացուցիչ տարածքային զիջումների եւ փոխզիջումների մասին կոչերը»,-նշում է Զարգարյանը:



Նրա կարծիքով, պատմական հայկական հողերի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության տարածքային հավակնությունների բավարարումը կամրագրի 1918-1920թթ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ ցեղասպանության, 1988-92թթ. հայ բնակչության էթնիկ զտումների արդյունքները: «Ադրբեջանի ղեկավարությունը հայ փախստականների հետ վարվելու թուրք-ադրբեջանական դոկտրին է որդեգրել, որի էությունն այն, որ ոչ մի դեպքում թույլ չտրվի նրանց վերադարձը հայրենիք: Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության խախտումը հակասում է միջազգային իրավունքին եւ պատմական արդարությանը, իսկ Լեռնային Ղարաբաղի որեւէ տարածքի փոխանցում Ադրբեջանին կհանգեցնի ԼՂՀ պաշտպանունակության լուրջ թուլացման, կխախտի խորը էշելոնային, ինժեներապես ամրացված պաշտպանական գիծը եւ կբերի Ադրբեջանի նոր ինտերվենցիայի հարձակողական գործողությունների համար շատ հարմար դիրքերից: Ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է առաջին փուլում հասնել նրան, որ ստորագրվի իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու մասին, որը կներառի նաեւ միջազգային երաշխիքներ: Չի կարելի մոռանալ, որ ԼՂՀ-ն ու Հայաստանը գործ ունեն ագրեսոր պետություն Ադրբեջանի հետ, որը մշտապես քաղաքական եւ ռազմական սադրանքների է դիմում, լարում է սպառազինությունների մրցավազքը, որը կարող է ցանկացած պահի տապալել բանակցային գործընթացը, ագրեսիա սանձազերծել խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, իրենց պարտավորությունները ըստ միջազգային համաձայնագրերի եւ հակառակ սթափ մտքին: Փաստորեն Ադրբեջանի իշխանությունները օգտագործեցին Վրաստանն ու Հարավային Օսեթիան որպես փորձարկումների հարթակ` մշակելու համար բլիցկրիգի ծրագրերը»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---