Բակո Սահակյան. ԼՂՀ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունն այլընտրանք չունեն

PanARMENIAN.Net - ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունում, Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի համար ամենախորհրդանշական օրերից մեկն է: 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը փաստացի ամրագրեց ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ստեղծելու իր կամքը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ 15 տարի անց, 2006 թվականի նույն օրը Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ազգովի արտահայտեց իր անկախ պետականությունը էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու վճռականությունը` համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով երկրի գլխավոր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը: Այն դարձավ ժողովրդավարական պետություն կառուցելու, միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ լինելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու մեր պետական քաղաքականության անշրջելիության վկայությունը:



Երկրի մայր օրենքը անկախ պետականության կարեւորագույն խորհրդանիշներից մեկն է, որը երաշխավորում է մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, կարգավորում պետության ներքին կյանքը, նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հանդիսանում է մի յուրահատուկ կամուրջ երկրի եւ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ: ԼՂՀ Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ Արցախի անկախությունն ու անվտանգ գոյատեւումը այլընտրանք չունեն:



Բարեկամներ, կրկին անգամ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի առթիվ եւ ի սրտե մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն:

Ամենայն բարիք ձեզ բոլորիդ»:



1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ անկախության մասին հանրաքվեին մասնակցել է 108 հազար 736 մարդ 132 հազար 328 ձայնի իրավունք ունեցողներից: Ընտրություններին մասնակցածների 99,89% դրական պատասխան տվեցին քվեաթերթիկներում պարունակվող հարցին. «Համաձա՞յն եք արդյոք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն լինի եւ ինքնուրույն որոշի այլ պետությունների եւ հասարակությունների հետ համագործակցության ձեւերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---