Ղարաբաղի ՈԿԿ-ը պահանջում են հայկական հեռուստաեթերում փոխարինել արդեն գոյություն չունեցող ԼՂԻՄ-ի քարտեզները ԼՂՀ-ի քարտեզներով

PanARMENIAN.Net - Արցախի հասարակական երիտասարդական կազմակերպությունները դիմել են նամակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արեւելյան այժմյան սահմանները: Այս պատերազմը նախ եւ առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական եւ անկենսունակ նախկին սահմանները 2006 թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները:



Այս պատերազմը ոչ միայն պատերազմ էր հանուն հայրենի հողի ազատագրության, այլեւ արդարացի հատուցում` Արցախի հայության քաղաքական պահանջներին` ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած Ցեղասպանության: Ամրագրելով հաղթանակի արդյունքները, հայ ժողովուրդը համայն աշխարհին վճռականորեն ցույց է տվել, որ նման նկրտումներն այսուհետ երբեւէ անպատիժ չեն մնալու: Գաղափարախոսության կամ գործնական քաղաքականության ոլորտներում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքների անտեսումը ոչ միայն սրբապղծում է մարտում զոհված հերոսների հավերժ վաստակը, այլեւ ոտնահարում Սումգաիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում ցեղասպանված հայության հիշատակը` խրախուսելով Հայոց պետականության դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան»:



Կոչի հեղինակներն ընդգծում են, որ այսպիսի հարցերում չկան եւ չեն կարող լինել մանրուքներ: «Հայաստանի հանրային, ինչպես նաեւ մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ եւ ԼՂՀ, այլեւ Սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար: Պահանջում ենք բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը եւ փոխարինել այն ՀՀ եւ ԼՂՀ քարտեզով: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ»,-ասվում է կոչում:



Կոչը ստորագրել են` «Արցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբ», Արցախի Ազատամարտիկների Միության «Հայրենաց պաշտպան» ՀԿ, ՀՅԴ «Արցախի Երիտասարդական Միություն», ԱԺԿ Երիտասառդական թեւ, «Ազատ հայրենիք» երիտասառդական թեւ, «Վաչագան Բարեպաշտ» ՀԿ «Հայկի Սերունդ» ՀԿ, «Ալֆա-Օմեգա» ՀԿ, «Զեփյուռ» ՀԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---