«Ամերիա» ՓԲԸ-ն հետազոտել է ՓՄՁ ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները

«Ամերիա» ՓԲԸ-ն հետազոտել է ՓՄՁ ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - «Ամերիա» ՓԲԸ-ն իրականացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու դրա ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019-ի տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով:

Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Ընդհանուր առմամբ, 2018-ի համեմատ 2019-ին փոքր և միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել:

Ըստ ոլորտների՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ներն արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ է, իսկ արտահանողների մոտ բարելավում է:

Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորագույն խնդիրը, առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ գործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այլն:

«Ամերիա» ՓԲ ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012-ին) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում և այլն, և համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը` «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարևորվում հեռահար բանկինգի առկայությունը:

«Ամերիա» ՓԲԸ կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ և տեղեկատվություն) այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---