Պուտին. Նախագահական ժամկետի զրոյացումը հնարավոր է, եթե ՍԴ-ն ընդունի

Պուտին. Նախագահական ժամկետի զրոյացումը հնարավոր է, եթե ՍԴ-ն ընդունի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով նոր սահմանադրությամբ իր նախագահական ժամկետները զրոյացնելու առաջարկին, Պետդումայում հայտարարել է, որ դա հնարավոր է՝ միայն եթե ՍԴ-ն ասի, որ դա չի հակասում Սահմանադրությանը:

«Առաջարկ եղավ իմ լիազորությունների ժամկետը երկարացնելու մասին, եթե ռուսաստանցիները քվեարկեն դրա օգտին: Բայց այդ դեպքում լիազորությունները կերկարացվեն այլընտրանք չունեցող ընտրություններում, իսկ այլընտրանք պետք է լինի: Նախագահական ժամկետի սահմանափակումը կարելի է չեղարկել՝ երբ երկիրն անցնում է փորձությունների միջով, կայունությունը պետք է գերակա լինի»,- ասել է նա, գրում է Meduza-ն:

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ «սահմանադրության փոփոխություններն արվելու են գոնե 30-50 տարվա հեռանկարով, և այդ հեռանկարում հանրությունը պետք է ունենա իշխանափոխության երաշխիքներ»:

«Նախագահական ժամկետների զրոյացման տարբերակը հնարավոր է, բայց միայն եթե ՍԴ-ն ասի, որ դա չի հակասում Սահմանադրությանը: Եվ եթե հավանություն տան ռուսաստանցիները: Ինչպես որոշեք, այնպես էլ կլինի»,- ասել է նա:

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ խմբակցությունը կսատարի նոր սահմանադրությամբ գործող նախագահի ժամկետները զրոյացնելու մասին պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկին:

Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ.,Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---