Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին $110,000-ի անհատույց հատուկ բուժհագուստ և թոքերի օդափոխության սարքեր տալ

Չինաստանը պատրաստ է ՀՀ-ին $110,000-ի անհատույց հատուկ բուժհագուստ և թոքերի օդափոխության սարքեր տալ

PanARMENIAN.Net - Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ հագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր՝ $110 000-ի չափով:

Մարտի 23-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է անցկացրել ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են երկրներում կորոնավիրուսային իրավիճակին, տեղեկատվություն փոխանակել կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ:

Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր: ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ աջակցությունը:

Ադոնցը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ ԱՆ-ին անհատույց տրամադրված կորոնովիրուսի 1008 թեստի համար, որոնք օրերս հասել են Հայաստան:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ և ՉԺՀ միջև մուտքի արտոնագրի պահանջը ժամանակավոր չեղարկող համաձայնագրի գործողության դադարեցման ներկայիս ժամկետը (մարտի 31) երկարաձգելու կապակցությամբ` պայմանավորվելով սերտ կապ պահել այդ հարցի հետագա քննարկման համար:

ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագիրը չեղարկվել էր 2019-ի դեկտեմբերին: Չինաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով 2020-ի փետրվարի 1-ից ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Չինաստանի կողմից համավարակի դեմ պայքարի վերաբերյալ գիտելիքի առցանց տեղեկատվական հարթակի ստեղծումը (Knowledge Center for China’s Experiences in Response to COVID-19), ինչպես նաև ՉԺՀ Ճըծյանգ նահանգի առաջին բժշկական համալսարանական հիվանդանոցի կողմից կորոնավիրուսի կանխարգելման և բուժման մասին ձեռնարկի կազմումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը վերջին շրջանում փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Ավելի ուշ դեսպանին ընդունել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:Կարևորելով գործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ: Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Վարչապետը ստորագրել է համապատասխան որոշումները
Նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով