Պատգամավոր. Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ

Պատգամավոր. Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է անտարբեր չլինել՝ սեփական ու դիմացինի առողջության հանդեպ՝ խնդրելով հետևել տանը մնալու կոչին:

Պատգամավորը հիշեցրել է, որ Իտալիայում ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով, 13-ը մահացել են։

«Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են կամ էլ մեռնելու»,- գրել է նա:

Կարապետյանը նշել է, որ մարտի 23-ին ՀՀ-ում հատկապես երիտասարդները հաճախ առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում են։

«Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, ովքեր մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի»,-գրել է նա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 300,000-ը, Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ Իտալիայում վարակվել է մոտ 63,000 մարդ, մահացել՝ մոտ 6000-ը: Այդ երկրում մեծ թվով հիվանդներ ունենալու պատճառով բժիշկները տարիքային որոշ շեմից հետո ընտրում էին՝ որ հիվանդին բուժօգնությւոն ցույց տալ, որին՝ ոչ:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից http://www.panarmenian.net/arm/news/278874/

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---