Դավիթ Բաբայան. Ադրբեջանը հանրապետությունից վերածվում է խանության

PanARMENIAN.Net - «Վերջերս Ադրբեջանում շոշափելի փոփոխություններ են կատարվում , որոնք չգիտես ինչու աննկատ են մնում մեր քաղաքագիտական շրջանակներում: Որոշ չափով դա բնական է, առավել եւս, որ այդ փոփոխություններն ուղղակի ֆիքսում են այն, ինչ կատարվում է Ադրբեջանում տարիներ շարունակ: Սակայն, այնուամենայնիվ, այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, փաստորեն նոր հասարակական-քաղաքական հասարակարգի ամրապնդում է այդ հանրապետությունում»,-գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը «Ադրբեջանական հանրապետությունը աստիճանաբար վերածվում է Ադրբեջանական խանության» հոդվածում: Ինչպես ասվում է հոդվածում, «խոսքն այն մասին, որ աշխատավորների «բազմաթիվ», ավելի շուտ, «համաժողովրդական» ոչ թե «խնդրանքների», այլ ավելի շուտ «պաղատանքների» պատճառով ադրբեջանական պետության ղեկավարը «ուղղակի ստիպված էր» ծայրահեղ միջոցի գնալ եւ սկսել պետական բարձրագույն` նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի առաջադրվելու իրավունք ստանալուն ուղղված գործընթացը: Կատարվե'ց: Ադրբեջանի ժողովուրդը վերջապես կարող է շունչ քաշել եւ լուսավոր ապագայի հանդեպ հավատով լցվել»:



«Այս գործընթացը կընթանա նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի առաջադրվելու իրավունքի մասին օրինագծի ընդունմամբ: Այդպիսով Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է նոր հասարակական-քաղաքական հասարակարգ` խանություն...Ադրբեջանում հանրապետության վերափոխումը խանության, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ադրբեջանի վերածումը խանության ամենալուրջ նահանջն է ժողովրդավարական զարգացման ուղուց: Այդ ֆոնի վրա ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի պետության գոյությունը, անշուշտ, ավելորդ անգամ կհաստատի ԼՂՀ անկախության ճանաչման անխուսափելիությունը: Թեեւ, պետք է խոստովանել, որ այս համատեքստում միջազգային հանրությունը լուրջ մարտահրավերների առջեւ կկանգնի: Մի շարք երկրներ երկընտրանքի առջեւ կհայտնվեն` հետեւել պաշտոնապես հռչակված ժողովրդավարական սկզբունքներին թե առաջնորդվել երկակի չափանիշներով: Հենց այս ասպեկտն իրավամբ կարելի է համարել ժողովրդավարության ամենալուրջ մարտահրավերներից մեկը, որ չի սահմանափակվում տարածաշրջանի սահմաններով: Ինչպես կվարվի այս կամ այն երկիրը ժամանակը ցույց կտա, սակայն վաղ թե ուշ հարկ կլինի ընտրություն անել»,-ասվում է Դ.Բաբայանի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---