ԱԱԾ․ Պաշտոնյան հաշմանդամ ճանաչելու դիմաց 20,000-100,000 դրամ կաշառք է պահանջել և ստացել

ԱԱԾ․ Պաշտոնյան հաշմանդամ ճանաչելու դիմաց 20,000-100,000 դրամ կաշառք է պահանջել և ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու դեպք է բացահայտվել, հայտնում են ԱԱԾ-ից։

Ստացված փաստերի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը, հանձնաժողովի մյուս 2 անդամի հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տևական ժամանակ որպես կաշառք ստացել է 20,000-ից մինչև 100,000 դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։

Միայն 2020-ի մարտին իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300,000 դրամ գումար։

Հանձնաժողովի նախագահը մարտի 23-ին իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառք առձեռն ստանալիս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնյան ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։,/i>

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---