Հայաստանի եւ Ղազախստանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով մեկնել է Ղազախստան` մասնակցելու ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Գագաթաժողովը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները, անցկացվում են Կոքչետաու քաղաքին հարակից Շուչինի-Բորովի ձմեռային հանգստավայրում:



Մինչեւ ոչ պաշտոնական գագաթաժողովի մեկնարկը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ գոհունակություն է հայտնվել երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակից: Նախագահներն ընդգծել են Ղազախստանի հայկական համայնքի դերը հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը կարեւորել են տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը` նշելով, որ ծրագրվող երկաթուղային հաղորդակցության նոր ուղիները կնպաստեն եւ խթան կհանդիսանան առեւտրաշրջանառության ծավալների մեծացման գործում:



Այնուհետեւ մեկնարկել է պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Օրակարգում ներառված են ՀԱՊԿ կարգավորման հեռանկարներին եւ կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ինչպես նաեւ ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: ՀՀ նախագահ, ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, ողջունելով ոչ պաշտոնական գագաթաժողովի անցկացումը, նշել է, որ քննարկվող հարցերը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Գագաթաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ նման ձեւաչափով շփումները լավ հնարավորություն են ընձեռում` օրակարգային խնդիրներին նայելու տարբեր տեսանկյուններից եւ քննարկելու հարցերի լայն շրջանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---