«Տաշիրը» միջոցներ կհատկացնի ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների տեղափոխմանը

«Տաշիրը» միջոցներ կհատկացնի ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների տեղափոխմանը

PanARMENIAN.Net - «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին աջակցելու նպատակով։ Միջոցների մի մասն ուղղվելու է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված Կառավարության ձեռնարկված միջոցառումներին, մնացածը՝ Ռուսաստանի տարածքում մնացած ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման դեպարտամենտը։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտ ենք համարում շարունակել մեր աջակցությունը՝ ուղղված բնակչությանն ու բժշկական հաստատություններին, կորոնավիրուսի դեմ պայքարում։

Պատասխանատվություն զգալով բոլոր նրանց հանդեպ, ովքեր տուժել են համաճարակից եւ այսօր չեն կարողանում տուն վերադառնալ՝ լրացուցիչ միջոցներ ենք ուղղում, որպեսզի այդ մարդիկ կարողանան հայրենիք գալ», - նշել է Հայաստանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

Բացի այդ, ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաև Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի խնամքի 5 կենտրոնին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):

Ավելի վաղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դրանցից 50 մլն-ն ուղղվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար), 50 մլն դրամը՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---