Մայր աթոռ. Չքաղաքականացնել Վեհափառի դիրքորոշումը

Մայր աթոռ. Չքաղաքականացնել Վեհափառի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության վերաբերյալ կաթողիկոսի անդրադարձը ենթատեքստից կտրված և այլափոխված է ներկայացվում. հարկ է չքաղաքականացնել այն։

Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ի՝ ի պատասխան ԶԼՄ-ի հարցմանն արած հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում՝ «անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների»։

«Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի սբ եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։

Ցավոք, Ամենայն հայոց կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։

Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս, երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:

«Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,- նշել էր նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---