ՀՅԴ․ Եկեղեցու դեմ հերթական արշավը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր

ՀՅԴ․ Եկեղեցու դեմ հերթական արշավը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, անդրադառնալով Ամեայն Հայոց կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոխելու հորդորին և դրան հաջորդած բանավեճին պաշտոնյաների և հոգևորականների միջև, հայտարարել է որ ՀԱԵ դեմ հերթական արշավն անթույլատրելի է ու խիստ վտանգավոր:

Հայտարարության մեջ նշվում է, որ արտակարգ դրության ու համաճարակի պայմաններում համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, «այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը»:

«Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները:

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով: Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՅԴ ԳՄ-ն նաև նշել է. «Իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցվածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդեպ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության վերաբերյալ կաթողիկոսի անդրադարձը ենթատեքստից կտրված և այլափոխված է ներկայացվում. հարկ է չքաղաքականացնել այն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---