Կովկասյան պլատֆորմի վերաբերյալ համաձայնագիրը կարող է կնքվել 2009 թվականին

PanARMENIAN.Net - Հավանական է, որ 2009 թվականին համաձայնագիր կստորագրվի Կովկասում անվտանգության եւ համագործակցության պլատֆորմի Թուրքիայի նախաձեռնության հիման վրա: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Քըլիջը: «Դեկտեմբերին արդեն տեղի է ունեցել հինգ երկրների` Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվել է Անվտանգության ու համագործակցության պլատֆորմը: Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է համաձայնագրի նախագծի վրա, որը, հնարավոր է, կընդունվի գալիք տարում»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը:



Հարավային Օսեթիայում ծավալված ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ երկխոսության, անվտանգության, տարածաշրջանում համագործակցության ու վստահության ամրապնդման կողմնակից է եղել, գնահատել է թուրքական այդ նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---