Կիսամյակային ուսվարձի 100% փոխհատուցումից մինչև 0%-ով վարկեր․ Ուսանողներին ևս կաջակցեն

Կիսամյակային ուսվարձի 100% փոխհատուցումից մինչև  0%-ով վարկեր․ Ուսանողներին ևս կաջակցեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը վերաբերում է ուսանողների պայմանական 3 խմբի, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան։

Առաջին ծրագիրը վերաբերում է բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողներին, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020-ի ուս.տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90% և ավելին: Նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուս.տարվա երկրորդ կիսամյակի վարձի 100% փոխհատուցում։ Եթե այս ուսանողները 2019-20 ուս.տարում ստացել են ուսվարձի փոխհատուցում, ապա այս միջոցառման շրջանակում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով։

«Այսինքն, եթե ուսանողները մեր պետական մի շարք ծրագրերով (նախատեսված՝ նպաստառուների համար, սահմանամերձ բնակավայրերի ուսանողների և Ապրիլյան պատերազմի մասնակիցների համար) որոշակի փոխհատուցում ստացել են, մնացորդային գումարն ենք փոխատուցում։ Երկրորդ կետով, եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-20 ուս.տարվա երկրորդ կիսամյակի վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին, եթե վճարումն արվել է ֆիզանձի կողմից։ Եթե մագիստրատուրան կամ օրդինատուրան ավարտել են, այդ ժամանակ գումարը վերադարձվում է, և երկրորդը, բակալավրիատի ուսանողների դեպքում, եթե մագիստրատուրայում ուսումնառությունը չեն շարունակում կամ անվճար են շարունակում վճարումը վերադարձվում է»,- բացատրել է նախարարը։

Երկրորդ խմբում են առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսի, որոնց հանրագումարային ՄՈԳ-ն ուսումնառության սկզբից մինչև 2019-2020-ի ուստարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս։ Այս ուսանողներին տրվում է փոխհատուցում՝ վարձի 70% չափով։

Ընդ որում՝ այս խմբի այն սովորաղները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019-20 ուստարում ստացել են պետության կողմից ուսվարձի փոխհատուցում, այս միջոցառման շրջանակում փոխհատուցումը տրամադրվում է կիսամյակի ուսվարձի մնացորդային գումարի 100%-ի չափով։ Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են ուստարվա երկրորդ կիսամյակի վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է հաջորդ կիսամյակի ուսվարձի դիմաց կատարված վճարում։

Երրորդ խմբում առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողներն են, որոնք ունեն ուսվարկեր կամ կդիմեն դրանք ստանալու համար։

Նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։ Առաջարկը վերաբերում է այն ուսանողներին, որոնց ՄՈԳ-ի առավելագույն արժեքը 80 տոկոսից բարձր է։

Իսկ եթե հանրագումարային ՄՈԳ-ն ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուստարվա 1-ին կիսամյակի ավարտն իր առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող վարկերի տոկոսադրույքը մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4%։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ պահին կա գործող 11,150 վարկ՝ հավելելով, որ վարկի ստացման գործընթացը հեշտացվել է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Կառավարությունն ընդւոնել է վիրուսի տնտեսական հետևանքների մեղմման ևս 13 ծրագիր, որոնք ուղղված են բիզնեսին և սոցիալական աջակցության կարիք ունեցողներին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---