Փաշինյան․ Երիտթուրքերին չհաջողվեց հայերի հանդեպ մահվան դատավճիռ իրականացնել

Փաշինյան․ Երիտթուրքերին չհաջողվեց հայերի հանդեպ մահվան դատավճիռ իրականացնել

PanARMENIAN.Net - 1915-ին ապրիլի 24-ից հետո հետևությունն այն է, որ երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի կատարմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն իրականացվել է, բայց հայ ժողովրդի նկատմամբ՝ չի հաջողվել, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի միջոցառման իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Օսմանյան կայսրության իշխանության իրականացրած ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի ինքնության, այլև ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն մարդկային անդառնալի կորուստներ է կրել, այլև ենթարկվել է հայրենազրկման և մշակութային ջարդի։

«Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր: Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ 2020-ին ապրիլի 24-ը ՀՀ-ում դիմավորում են բացառիկ պայմաններում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար և հիշեցրել, որ երթին վիրտուալ մասնակցելու մասնակցելու հնարավորություն կա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---