Նախարար․ ՀՀ-ն լրացուցիչ 260 մլրդ դրամի պարտքային միջոցներ կներգրավի, 2% տնտեսական անկում կունենանք

Նախարար․ ՀՀ-ն լրացուցիչ 260 մլրդ դրամի պարտքային միջոցներ կներգրավի, 2% տնտեսական անկում կունենանք

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ, ՀՀ-ն կունենա 2% տնտեսական անկում, հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը:

Ըստ նախարարի՝ այժմ համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է մոտ 3%, և այն իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների՝ այդ թվում Հայաստանի վրա: Ջանջուղազյանի խոսքով՝ ներքին սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել երկրների տնտեսության վրա:

«Ներքին սահմանափակումների գնահատականը Հայաստանում մոտավորապես 2-2.4 տոկոսային կետ է՝ համախառն ներքին արդյունքի իրական աճի կորստի չափով: Հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ մենք կունենանք 2% անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9% մեծության կանխատեսում»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ մոտ 150 մլրդ դրամի փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվի ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրվում է նաև, որ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար, իսկ մոտ 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցների վերաբաշխմանը:

«Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիք կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում և 7 տրիլիոն 95 մլրդ դրամի փոխարեն ակնկալվում է, որ այն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ: Համապատասխանաբար այն կգեներացնի ոչ թե 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ինչպես կանխատեսվում էր, այլ 1 տրլն 433 մլրդ դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրված էր: Այս սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում»,-ասել է նա՝ բացատրելով, որ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, ինչը կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսն է»,- նշել է նա:

Նախարարի խոսքով՝ ճգնաժամը գնահատվում է որպես աննխադեպ, ակնհայտ է, որ տնտեսական անկումն անխուսափելի է, ինչպես նաև սնանկության ռիսկերը։

2019-ին ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,6%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է եղել վերջին տասներկու տարիների ընթացքում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---