Փաշինյան․ Վարակվածների համար ևս 150 մահճակալ կավելացվի, ասիմպտոմների՝ 600 տեղ հյուրանոցում

Փաշինյան․ Վարակվածների համար ևս 150 մահճակալ կավելացվի, ասիմպտոմների՝ 600 տեղ հյուրանոցում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը կավելանա ևս 150-ով, հյուրանոցային 600 տեղ է նախապատրաստվել ասիմպտոմ հիվանդների համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցները չեն հերիքում և վերակենդանացման բաժանմունքների ենթակա մարդիկ ուղղակի հոսպիտալացված էին զբոսայգիներում, ծառերի տակ։ Այդ նպատակով սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Բացի այդ՝ հյուրանոցային 600 հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոմ դեպքերի համար։ 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար։ Այս ընթացում մոտ 6000 մարդ է մեկուսացվել», - ասել է Փաշինյանը։

Մայիսի 5-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ երկրում մահճակալային ընդհանուր ֆոնդը մոտ 12,000 է, կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսվածը՝ 1550։

Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում արտակարգ դրության, սահմանափակումների նպատակն առաջին հերթին Հայաստանում խուճապ թույլ չտալն էր։ Երկրորդ խնդիրն էր ապահովել, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ բոլոր մարդկանց:

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի, Մահվան ելքով 40 դեպք կա, Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ Փաստացի բուժվում է 1600 մարդ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---