Նախագահը՝ Եռաբլուրում․ Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը

Նախագահը՝ Եռաբլուրում․ Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրումը, եթե համեմատելու լինենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը։ Այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ուր այցելել էր Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:

Օրվա առթիվ նա իր շնորհավորանքն է հղել բոլորին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

«Այսօր եկել եմ մեր ազատագրական պայքարի հերոսներին այցելության։ Սիմվոլիզմը շատ խորն է. ինչպես պատահեց, որ 28 տարի առաջ նույն օրը մեր ժողովուրդը կարևոր հաղթանակ տարավ, ազատագրական պայքարի կարևորագույն հաղթանակներից մեկն՝ ազատագրելով Շուշին։ Շուշիի ազատագրումը, եթե համեմատելու լինենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը։ Ուղղակի կոտրեցին պատերազմի տրամաբանությունը և ճանապարհ բացեցին դեպի հաղթանակ», - նշել է նա։

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաև զորավար Անդրանիկի շիրիմներին, հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Նախագահ Սարգսյանը նաև մեկ րոպե լռությամբ հարգել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմահ հիշատակը:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի մասին՝ նախագահը հիշել է, որ 300,000 հայորդի է իր կյանքը զոհել հանուն այդ հաղթանակի։

«Այդ 300 հազարն այսօր, ցավոք, Հայաստանում գերեզման չունեն, սակայն նրանց հիշատակը մեզ հետ է: 600 հազար հայից, որոնք մարտնչում էին ճակատամարտում, 300 հազարը՝ ուղիղ կեսը, իրենց կյանքը զոհեցին: Մեր ժողովուրդը Սովետական Միության հարյուրից ավելի հերոսներ տվեց, հինգ մարշալ... Եվ դա համաչափ չէր. փոքր ժողովուրդ՝ հինգ մարշալ, վաթսունից ավելի գեներալներ»,- նշել է նախագահը:-

«Ազատագրական պայքարի ամբողջ ընթացքում և, առանձնապես այսօր, Շուշիի ազատագրման և՛ կազմակերպիչները, և՛ ընկած հերոսները, և՛ նրանք, որ այսօր կան, անկախ նրանից, թե որտեղ են, ինչ պաշտոնի են, ինչ են անում, իրենց ընտանիքի հետ են, թե գնացել են Շուշի, նրանք բոլորը հերոսներ են։ Նման հերսությունը չի ծերանում, անվերջ է։ Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---