ԱԺ պատգամավորին բռնությամբ սպառնողը ձերբակալվել է

ԱԺ պատգամավորին բռնությամբ սպառնողը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է։

Պատգամավորի հաղորդման հիման վրա ոստիկանությունը պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում՝ հանդիպելով Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է պատգամավորին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրգործ` ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով)։

Դատախազի ցուցումով Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել է:

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով փորձել էին «վրաերթի» ենթարկել։ Դեպքի մասին պատգամավորը հայտնել էր ոստիկանությանը։ Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---