Վարչապետ․ ԶՈւ-ում ծառայության ու կառույցի հեղինակությունը պետք է հավասար լինեն

Վարչապետ․ ԶՈւ-ում ծառայության ու կառույցի հեղինակությունը պետք է հավասար լինեն

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերում ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելու խնդիր կա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստի ընթացքում:

Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ՝ քննարկումները քաղաքական կոնյուկտուրայի և լարվածության ազդեցությունից դուրս թողնելու նպատակով։

«Իհարկե այն որոշումները, մոտեցումները, որտեղ խումբը կցուցաբերի համաձայնություն, մենք կարձանագրենք, որ այդ որոշումները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կյանքի կկոչվեն, իսկ բոլոր այն դեպքերում, երբ համաձայնություն չի արձանագրվի, մենք այդ քննարկումների արդյունքները կքննարկենք նաև Անվտանգության խորհրդում, կառավարության ֆորմատով և կփորձենք այդ հարցերում նույնպես հասնել համաձայնության»,- հավելել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ 2019-ին ՀՀ-ն բավականին լավ արդյունք է ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով, եղել են նվազագույն թվով զոհեր։ Փաշինյանը հիշեցրել է, սակայն, որ 2020-ի մեկնարկին բանակում մահվան դեպքերի աճ կար, ինչին հաջորդել է հանրային համապատասխան արձագանքը։

«Մենք խնդիր ունենք, որ այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք: Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ հանձնախմբի գործունեության արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ բարեփոխումների ծրագիր ունենալ և համոզված լինել, որ այդ բարեփոխումները բերելու են անհրաժեշտ արդյունքների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---