Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է

Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 19-ը, փոխացում է Sputnik Armenia-ն։

Փաշինյանը դատարան չի ներկայացրել, նրա շահերը դատարանում ներկայացրել է փաստաբանը` Գևորգ Գյոզալյանը: Դատարան չեն եկել նաև Թովմասյանն ու նրա փաստաբանը․ նրանք փոխարենը գրավոր միջնորդություն են ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը:

«Բոլորիս համար փաստ է, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն, և այդ առիթով խրախուսվում է մնալ տանը` չվարակվելու ու այլ անձանց չվարակելու համար»,- միջնորդությունը ներկայացնելով` ասել է դատավոր Գայանե Խաչատրյանը:

Փաշինյանի փաստաբանը, սակայն, հայտարարել է, որ միջնորդություն չի ստացել ոչ փոստային առաքմամբ, ոչ էլ էլեկտրոնային փոստով, ինչը, իր բնորոշմամբ, օրենքի կոպիտ խախտում է:

«Ես միանշանակ առարկում եմ ու խնդրում եմ հայցվոր կողմին զգուշացնել իրենց իրավունքներից բարեխիղճ օգտվելու մասին: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ մարդիկ միջնորդություն են ներկայացրել դատարան, օրենքը կոպիտ խախտել են, և գործի քննությունը հետաձգվում է»,- ասել է Գյոզալյանը:

ՍԴ նախագահը դատարանից պահանջում է ՀՀ վարչապետին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ու հերքել զրպարտող տեղեկությունները: Թովմասյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Թովմասյանն առաջարկել էր վարչապետի խոսքերն ապացուցող փաստեր ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար և ասել, որ այն իրեն էր նվիրել Թովմասյանը։ Փաշինյանը նաև գրել էր, թե Թովմասյանն այդ օրն իրեն դիմել է «պարոն վարչապետ ջան» և «պարոն Փաշինյան ջան» դիմելաձևերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---