Երևանի տրանսպորտը վերսկսել է աշխատանքը․ Մուտքը՝ միայն դիմակով

Երևանի տրանսպորտը վերսկսել է աշխատանքը․ Մուտքը՝ միայն դիմակով

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: ՀՀ պարետի որոշմամբ, գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մասնավորապես, տրանսպորտային միջոցում պարտադիր պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:

«Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար»,-ասվում է գրառման մեջ:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն իր հերթին տեղեկացնում է, որ մայիսի 18-ից աշխատելու է գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչև 23։00-ն։ Ախտահանված են մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու գնացքները։ Մուտքը՝ դիմակով։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---