Հայ մասնագետները բուժպարագաներ են փոխանցել Հալեպի հոսպիտալին

Հայ մասնագետները բուժպարագաներ են փոխանցել Հալեպի հոսպիտալին

PanARMENIAN.Net - Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող Հայաստանի բժշկական խումբը` Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ գործակցությամբ, մշտապես շարունակում է քաղաքի զինհոսպիտալին և այլ բուժ հաստատություններին փոխանցել բժշկական և անհրաժեշտ այլ պարագաներ։ Այդ մասին ասվում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքին նվիրումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

Նմանատիպ օգնություն էր ցուցաբերվել նաև ապրիլին։ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Հալեպ է մեկնել 2019-ի փետրվարին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---