Տեղաշարժի թերթիկ չունենալու համար 100,000 դրամի տուգանքը 10,000 դարձնելը քննարկվում է

Տեղաշարժի թերթիկ չունենալու համար 100,000 դրամի տուգանքը 10,000 դարձնելը քննարկվում է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հետադարձ ուժ տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում» փոփոխությունների նախագծին, որով ազատ տեղաշարժման սահմանափակումները խախտելու համար նախկինում սահմանված 100-250,000 դրամը վերանայվել է և դարձել 10,000 դրամ։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը։ Այժմ գործում է ազատ տեղաշարժի մեկ սահմանափակում՝ բաց տարածքներում դիմակ ունենալու պահանջ։

ԲՀԿ-ն առաջարկում է նախագծի երկրորդ քննարկման ժամանակ ամրագրել, որ նախկինում տեղաշարժի թերթիկ չունենալու պատճառով տուգանված քաղաքացիների տուգանքի չափը ևս վերանայվի՝ սահմանվելով 10,000 դրամ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ընդգծել է, որ կողմ է երկրորդ ընթերցման մեջ ամրագրելուն տեղաշարժի թերթիկի բացակայության դեպքում տուգանված քաղաքացիներին ևս այս կարգավորումների մեջ հետադարձ ուժով ընդգրկումը:

«Մենք ամբողջութամբ համաձայն ենք այդ առաջարկի հետ, որ պետք է հետադարձ ուժ կիրառել և այս օրենքի կարգավորումները կիրառել նաև հարյուր հազար տուգանքի վրա: Այդ անձինք պարտավորված կլինեն տասը հազար դրամ վճարել, եթե դեռ չեն վճարել», - ասել է փոխնախարարը։

Նա հավելել է․ «Պետք է հնարավորություն ունենալ պետբյուջեից գանձել այդ գումարը և հետ վերադարձնել քաղաքացուն։ Սա իմ տարբերակն է, կարող ենք քննարկել, եթե դուք ունեք տարբերակներ»։

Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է, որ հետադարձ ուժը չի վերաբերի մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտած քաղաքացիներին։

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---